ԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հարգելի ընթերցողներ, եթե հիշում եք <<Բլոգ Բարը>> խոստացել էր ձեր ուշադրությանը ներկայացնել Հայաստանի և աշխարհի հեղինակավոր և փորձառու բարմեններին` լուսաբանել նրանց գործունեությունը:
Իր խոստմանը տեր կանգնելով, <<Բլոգ Բարն>> այսօր գործարկում է նոր բաժին` բարմեններ, որտեղ տեղ կգտնեն հարցազրույցներ հայտնի բարմենների հետ կամ նրանց մասին պատմող հոդվածներ:
Առաջին բարմենը, ում ներկայացնում ենք ձեր ուշադրությանը` Հայաստանի ամենապահանջված բարմեններից մեկն է: Նա Անի Պետրոսյանն է, ում հետ հանդիպել ենք և զրույց ունեցել:
Անի Պետրոսյանը սովորել է Բարմենների Հայկական Ասոցացիայում: Արդեն վեց տարի է ինչ աշխատում է որպես բարմեն: Այժմ <<SQ1>> ռեստորանի գլխավոր բարմենն ու ցանցի վերահսկիչն է:
Անին որպես բարմեն առաջին քայլերն արել է <<Բունկեր>> բարում, որտեղ աշխատել է մեկ տարի: Այնուհետև բարը փակվել է և նա <<Մամա Միա>> պիցցերիաների ցանցից աշխատելու առաջարկ է ստացել: Այնտեղ մեկ տարի գլխավոր բարմեն աշխատելուց հետո տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և աշխատել տեղի հայտնի հայկական ռեստորաններից մեկում: Ութ ամիս գլխավոր բարմեն աշխատելուց հետո վերադարձել է Հայաստան: Վերադառնալիս Մոսկվայում մնալու և աշխատելու առաջարկ է ստացել, որը մերժել է:
Արդեն Հայաստանում բազմաթիվ բարերի կողմից աշխատանքի հրավեր է ստացել, սակայն ընտրել է <<SQ1>> ռեստորանը:
- <<SQ1-ը>> առանձնանում է իր մթնոլորտով: Ճի’շտ է, բարը փոքր է, այն մասնագիտացված հզոր բար համարել չեմ կարող, բայց մթնոլորտը շատ տրամադրող է,- ասում է Անին:
Անին <<SQ1-ում>> սկզբում աշխատել է որպես բարմեն, իսկ արդեն մեկ տարի անց ընտրվել է ամբողջ ցանցի գլխավոր բարմեն և վերահսկիչ:
<<SQ1-ի>> ցանցին են պատկանում նաև <<Segafredo>> սրճարանը և <<i bar>> բարը: Արդեն երկու ամիս է ինչ Անին աշխատում է նաև <<i bar>>-ում: <<Segafredo>>-ում նույնպես ուզում է աշխատել: Ասում է, որ աշխատանք են խոստացել, դեռևս սպասում է:
Երիտասարդ բարմենը երկար ժամանակ Հայաստանից դուրս է ապրել, ինչով էլ պայմանավորված է նրա խառնվածքն ու կյանքի հանդեպ ունեցած հայացքները: Մասնագիտության ընտրության հարցում այդ հանգամանքը նույնպես դեր է խաղացել:
- Գիտեի, որ դժվար է լինելու, բայց ես պատրաստ էի, որոշեցի դառնալ……
Ես շփվող մարդ եմ, դա էլ շփման մի միջոց է,-ասում է Անին, ով կարծում է, որ լավ բարմենը պետք է լինի նաև լավ հոգեբան: Նա պատմում է, որ հաճախ գալիս են ու ասում, որ համեղ և հետաքրքիր ինչ-որ բան են ուզում: Այդ դեպքում անհրաժեշտություն է առաջանում մի երկու խոսքից, նույնիսկ շարժումներից ու հայացքից հասկանալ հաճախորդին և առաջարկել ճիշտ կոկտեյլ:
Փորձառու բարմենը ուրախությամբ է խոսում հաճախորդին չափի մասին հիշեցնելու իր հմտության մասին: Նա դա անում է վարպետորեն, որպեսզի հաճախորդը չվիրավորվի:
Նա նաև գիտի` երբ հաճախորդը նյարդայնացած է, նրան առաջինը պետք է առաջարկել նստել, քանի որ նստած ժամանակ մարդ ավելի հանգիստ է իրեն զգում:
Անին, ինչպես ցանկացած պրոֆեսիոնալ բարմեն, երբեք թեյավճարի չի սպասում: Նա դեռևս անփորձ բարմեններին խորհուրդ է տալիս.
-Հնարավոր է մի մարդ հինգ անգամ գա ու ոչ մի անգամ թեյավճար չթողնի, սակայն նա միշտ պետք է արժանանա նույն ջերմ վերաբերմունքին, ինչին արժանացել է առաջին անգամ: Հնարավոր է նույն մարդը վեցերորդ անգամ գա և թողնի այնքան գումար, որը կգերազանցի նախորդ անգամների չվճարված թեյավճարները, բայց նախևառաջ հաճախորդին պետք է ընդունել ինչպես հյուրի, այլ ոչ թե վերաբերվել որպես թեյավճարի օբյեկտ:
Հաճախորդները հաճախ բար մտնելիս անում են <<մի հատ կկրկնե՞ս>> արտահայտությունը: Տվյալ դեպքում բարմենը պարտավոր է հիշել հաճախորդի սիրելի կոկտեյլը և մատուցել այն: Անիի հետ եղել է դեպք, երբ մոռացել է թե որն է մշտական հաճախորդի սիրելի կոկտեյլը, սակայն ստեղծված իրավիճակից կարողացել է ելք գտնել: Նախ փորձել է կարճատև զրույցի բռնվել, այնուհետև ժպիտը դեմքին հարցրել է կոկտեյլի անվանումը: Այսօր նա ամոթով է հիշում այս պատմությունը:
Հաճախորդների մասին խոսելիս Անին նաև ասաց, որ հայերը առանձնանում են հատկապես իրենց անհարգալից վերաբերմունքով: Կցանկանար, որ բարմեն հասկացությունն ընկալեին այլ կերպ, իսկ բարմենին մոտենային ինչպես լուրջ մասնագետի:
Տղամարդիկ սովորաբար պատվիրում են թունդ կոկտեյլներ, որ ինչպես իրենք են ասում` <<խփի տանի>>, իսկ կանայք որպես կանոն ընտրում են ավելի թույլ կոկտեյլներ:
Վիսկի ըմպելիս հայերը նախապատվությունը տալիս են <<JACK DANIEL’S>> և << CHIVAS>> վիսկիներին:
Անդրադառնալով Անիի գործունեությանը, խոսեցինք նրա նպատակների և այս ոլորտում անելիք քայլերի մասին: Նա վստահ է, որ այս ոլորտում դեռ երկար կաշխատի: Շատ է ցանկանում այցելել աֆրիկյան երկրներ և շփվել տեղացիների հետ, լինել աֆրիկյան բարերում, ծանոթանալ բարմենների աշխատելաոճին, ուսումնասիրել սպասարկման ոլորտը, անհրաժետության դեպքում վերապատրաստել բարմենների և կիսվել սեփական փորձով:
Զրույցի ավարտին Անին շնորհակալություն հայտնեց և ասաց, որ շատ ուրախ է այն փաստի համար, որ կան մարդիկ, ովքեր հետաքրքրվում են բարմեններով, գնահատում են նրանց աշխատանքը և վարած գործունեությունը ներկայացնում են հասարակությանը: Նա <<Բլոգ Բարին>> մաղթեց հաջողություն և երկար տարիների կյանք բլոգհարթակում:
Մենք էլ մեր հերթին շնորհակալություն ենք հայտնում բարմեն Անի Պետրոսյանին բովանդակալից զրույցի և չափազանց համեղ կոկտեյլների համար: Նրան մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ ընտրած մասնագիտության մեջ: Շնորհակալություն ենք հայտնում նաև <<SQ1>> ռեստորանի տնօրինությանը` հյուրընկալության և հյուրասիրության համար:
Ստորև ներկայացնում ենք երկու հոլովակ, որտեղ Անի Պետրոսյանը հատուկ <<Բլոգ Բարի>> համար պատրաստում է <<Մոխիտո>> և մեկ ամառային կոկտեյլ:
Արմեն Հովհաննիսյան
Գոռ Ամիրյան
Լուսանկարները` Քրիստինե Դանիելյանի
Լուսանկարները` Քրիստինե Դանիելյանի




